Ջավախք

Մայիսի վեցին ուղևորվեցինք եռօրյա ճամփորդության դեպի Ջավախք, որը գտնվում էր Վրաստանի Հանրապետությունում: Ես առաջին անգամ էի Հայաստանից դուրս գալիս: Ուրախ եմ, որ ինձ այդպիսի հնարավորություն ընձեռվեց, որ տեսնեմ Ջավախքը և հիանամ նրա գրավիչ վայրերով: Ամբողջ ճանապարհին մենք զրուցում էինք, երգում, պարում, բառային խաղեր խաղում, մեզ միանում էին նաև ուսուցիչները: Հայ-վրացական սահմանն անցնելուց հետո մենք ուղևորվեցինք Գանձա` Վահան Տերյանի ծննդավայր: Եղանք նրա տանը, նրա պապի կառուցած Սուրբ Կարապետ եկեղեցում, միասին արտասանեցինք, երգեցինք, աղոթեցինք և բարձր տրամադրությամբ շարունակեցինք մեր ճանփորդությունը: Այդ ողջ ընթացքում երկինքն ասես արտասվում էր, և մենք հիշեցինք տերյանական աշունը, չնայած հիմա գարուն է: Երեկոյան հասանք այն տունը, ուր պիտի մնայինք, Մանուշակ տատիկն ու Խաչատուր պապիկը մեզ ընդունեցին իրենց տան անդամների պես: Այդ ջերմ վերաբերմունքից շատ ուրախացանք: Պապիկը, որ շատ էր սիրում աշխատել, պատմում էր իր տունը կառուցելու մասին, իր աշխատասիրության մասին: Երկրորդ օրը ուղևորվեցինք Ախալցխայի Ռաբաթ ամրոց: Այդ ամրոցը իր շքեղությամբ, գեղեցկությամբ գրավեց ինձ, ես այդպիսի ամրոց չէի տեսել, կարծես թագավորական պալատ լիներ: Եթե ես այդ ժամանակներում թագուհի լինեի, կգրավեի այդ ամրոցը և կապրեի թագուհուն վայել կյանքով: Մի խոսքով, այդ վայրը ինձ երազանքների աշխարհ տարավ: Հետո երեկոյան եղանք Վալեի հայկական դպրոցում, այնտեղ մեզ երգ ու պարով ընդունեցին, ներկայացրին իրենց դպրոցը: Այդ դպրոցը շատ բաներով տարբերվում էր մեր դպրոցից, արժանացանք նաև հյուրասիրության: Որպես վերջաբան` պարեցինք մեր դպրոցի պարերից մեկը: Հաջորդ օրը հրաժեշտ տվինք մեր տատիկին ու պապիկին և ուղևորվեցինք դեպի Թամար թագուհու կառուցած Վարձիա ժայռափոր քաղաքը: Շրջեցինք, ուսումնասիրեցինք, լուսանկարվեցինք և ուշ գիշերով բարձր տրամադրությամբ վերադարձանք Հայաստան:

Комментарии

Популярные сообщения